среда, 20 мая 2015 г.

Հովհաննես Շիրազ


Կենսագրություն



Իսկական անունը՝ Օնիկ Կարապետյան Թադևոսի, 

Ծնվ. 27.04.1914թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) 
Մահ. 14.03.1984թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում: 

Ա. Շիրազի հայրը: 

Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում (1937-41), 
Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտում (1952-56): 

1935-ին լույս են տեսել Շիրազի «Գարնանամուտ» ժողովածուն, «Սիամանթո և Խճեզարե» վիպերգը: 

Այնուհետև տպագրվել են «Արևի երկիր» (1938) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940), «Բանաստեղծի ձայնը» (1942), «Երգերի գիրքը» (1942), «Լիրիկա» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Բիբլիական» (1942, հրտ.՝ 1946) պոեմը: 

Շիրազին հատկապես մեծ ժողովրդականություն են բերել «Քնար Հայաստանի» ժողովածուների 3 հատորները (1958, 1964, 1974), Բեյրութում լույս տեսած «Հայոց դանթեականը» պոեմը (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), «Համամարդկային» (1975) ժողովածուները, «Խաղաղություն ամենեցուն» (1982) պոեմը: 

Շիրազի գեղարվեստական մտածողության մեջ կարևոր տեղ ունեն ժողովրդական երգն ու բանահյուսությունը, միջնադարյան տաղերգությունն ու աշուղական խաղերը: Շիրազի պոեզիան նաև բնության ձայների ու բազմազան դրսևորումների առանձնահատուկ վերարտադրություն է, որի շնորհիվ բնությունը դառնում է խոսքի ելակետ ու չափանիշ: 

Շիրազի 1940-50-ական թթ. քննադատվել է անհատապաշտության մեղադրանքով: 

«Վիրավոր զինվոր, դու, իմ լիրիկա, Ես քո արյունից ելած մանուշակ»,- գրել է բանաստեղծը «Քնարերգական» բանաստեղծության մեջ: Շիրազի համար պոեզիայի հիմքը զգացմունքայնությունն է ու խիղճը՝ «Երգս ձեր խիղճը արթուն կպահի, Ես դարի խիղճն եմ, ես շեփորը չեմ»: 

Շիրազին հատկապես թանկ են մարդու, բնության, սիրո, հայրենիքի ներշնչած ապրումները: 

Խոհափիլիսոփայական մտորումներում Շիրազն արծարծել է կյանքի ու մահվան առեղծվածի, մարդու բնույթի ճանաչողության հարցերը («Ինքներգանք համամարդկային», «Բնության գլուխգործոցը»): «Բիբլիական» պոեմի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների խտացումով: Մարդու հավերժ, կերպարի բացահայտման հարցում Շիրազի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է վերապահված մորը և մայրերգությանը: 

Շիրազը վերաիմաստավորել է մոր թեման՝ «մայր» հասկացությունը դնելով աշխարհի հավերժական արժեքների շարքում («Մայրս», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Ձեռակերտն է մայրս Աստծո հանճարի» ևն): 

Շիրազի սիրերգությունն ինքնամոռաց ապրումն է, անմնացորդ ինքնայրումը՝ կնոջ տեսքով հայտնված գեղեցկության հանդեպ («Միայն սերը», «Սերն աշխարհակալ», «Ամենայն էակ», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցած մի աղջիկ»): 

Հայրենասիրական քնարերգությունը Շիրազի ստեղծագործության մեջ ունի ընդգրկման լայն ոլորտ՝ ժողովրդի պատմական անցյալ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական հայրենիքի ազատագրման հույս, հայոց լեզվի պահպանում («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Կտակ», «Արարատին», «Անի», «Հայոց դանթեականը» և շատ այլ բանաստեղծություններ ու պոեմներ): 

Շ-ի ստեղծագործության անբաժանելի մասն են կազմում առակները («Օձն ու մեղուն», 1953, «Առակս զինչ ցուցանե...», 1978), բազմաթիվ քառյակները («Ցողապատում», 1977) և թարգմանությունները: 

Շիրազի անունով կոչվել են դպրոց, փողոց Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 

Գյումրիում բացվել է Շիրազի թանգարանը (2002): 

Комментариев нет:

Отправить комментарий