воскресенье, 31 мая 2015 г.

Համո Սահյան << ջրի պես>>



Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:



Ինձ համար շատ հետաքրքիր էր Համո Սահյանի <<ջրի պես>> բանաստեղծությունը: Աշխարհում հիմա այնքան վատ բաներ են լինում, մարդիկ ստում են, կեղծավոր են միմյանց նկատմամբ,դավաճան: Այստեղ բանաստեղծը փորձում է ասել, որ ուզում է աշխարհը տեսնել մաքուր և պարզ: Եթե հնարավորություն լիներ նա կլվանար աշխարհը, որպիսզի այն ջրի պես մաքուր լինի, որպիսզի վերանար սուտը, չարությունը, անարդարությունը:

среда, 20 мая 2015 г.

Հովհաննես Շիրազ


Կենսագրություն



Իսկական անունը՝ Օնիկ Կարապետյան Թադևոսի, 

Ծնվ. 27.04.1914թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) 
Մահ. 14.03.1984թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում: 

Ա. Շիրազի հայրը: 

Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում (1937-41), 
Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտում (1952-56): 

1935-ին լույս են տեսել Շիրազի «Գարնանամուտ» ժողովածուն, «Սիամանթո և Խճեզարե» վիպերգը: 

Այնուհետև տպագրվել են «Արևի երկիր» (1938) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940), «Բանաստեղծի ձայնը» (1942), «Երգերի գիրքը» (1942), «Լիրիկա» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Բիբլիական» (1942, հրտ.՝ 1946) պոեմը: 

Շիրազին հատկապես մեծ ժողովրդականություն են բերել «Քնար Հայաստանի» ժողովածուների 3 հատորները (1958, 1964, 1974), Բեյրութում լույս տեսած «Հայոց դանթեականը» պոեմը (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), «Համամարդկային» (1975) ժողովածուները, «Խաղաղություն ամենեցուն» (1982) պոեմը: 

Շիրազի գեղարվեստական մտածողության մեջ կարևոր տեղ ունեն ժողովրդական երգն ու բանահյուսությունը, միջնադարյան տաղերգությունն ու աշուղական խաղերը: Շիրազի պոեզիան նաև բնության ձայների ու բազմազան դրսևորումների առանձնահատուկ վերարտադրություն է, որի շնորհիվ բնությունը դառնում է խոսքի ելակետ ու չափանիշ: 

Շիրազի 1940-50-ական թթ. քննադատվել է անհատապաշտության մեղադրանքով: 

«Վիրավոր զինվոր, դու, իմ լիրիկա, Ես քո արյունից ելած մանուշակ»,- գրել է բանաստեղծը «Քնարերգական» բանաստեղծության մեջ: Շիրազի համար պոեզիայի հիմքը զգացմունքայնությունն է ու խիղճը՝ «Երգս ձեր խիղճը արթուն կպահի, Ես դարի խիղճն եմ, ես շեփորը չեմ»: 

Շիրազին հատկապես թանկ են մարդու, բնության, սիրո, հայրենիքի ներշնչած ապրումները: 

Խոհափիլիսոփայական մտորումներում Շիրազն արծարծել է կյանքի ու մահվան առեղծվածի, մարդու բնույթի ճանաչողության հարցերը («Ինքներգանք համամարդկային», «Բնության գլուխգործոցը»): «Բիբլիական» պոեմի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների խտացումով: Մարդու հավերժ, կերպարի բացահայտման հարցում Շիրազի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է վերապահված մորը և մայրերգությանը: 

Շիրազը վերաիմաստավորել է մոր թեման՝ «մայր» հասկացությունը դնելով աշխարհի հավերժական արժեքների շարքում («Մայրս», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Ձեռակերտն է մայրս Աստծո հանճարի» ևն): 

Շիրազի սիրերգությունն ինքնամոռաց ապրումն է, անմնացորդ ինքնայրումը՝ կնոջ տեսքով հայտնված գեղեցկության հանդեպ («Միայն սերը», «Սերն աշխարհակալ», «Ամենայն էակ», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցած մի աղջիկ»): 

Հայրենասիրական քնարերգությունը Շիրազի ստեղծագործության մեջ ունի ընդգրկման լայն ոլորտ՝ ժողովրդի պատմական անցյալ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական հայրենիքի ազատագրման հույս, հայոց լեզվի պահպանում («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Կտակ», «Արարատին», «Անի», «Հայոց դանթեականը» և շատ այլ բանաստեղծություններ ու պոեմներ): 

Շ-ի ստեղծագործության անբաժանելի մասն են կազմում առակները («Օձն ու մեղուն», 1953, «Առակս զինչ ցուցանե...», 1978), բազմաթիվ քառյակները («Ցողապատում», 1977) և թարգմանությունները: 

Շիրազի անունով կոչվել են դպրոց, փողոց Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 

Գյումրիում բացվել է Շիրազի թանգարանը (2002): 

вторник, 19 мая 2015 г.

Գրականություն

 Եղիշե Չարենց «Մահվան տեսիլ» Վերլուծություն

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝ 
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի — 
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ 
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու, 
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն, 
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում 
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու: 
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող, 
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան 
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող: 
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ, 
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ — 
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա: 
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան — 
Ու լուսավոր առավոտները իմ հոգու 
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու: 
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար 
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի, 
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար 
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար, 
Իմ երգիչի երազներով ու հրերով, 
Անհրապույր իմ օրերի երգով մթար 
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,- 
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ, 
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ 
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր… 
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, 
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան. 
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի, 
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի 
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,- 
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, 
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…


Իմ վերլուծությունը...

Հաճախ լինում է, երբ մարդն իրեն ահավոր տխուր և լքված է զգում,ունի մեծ կարոտ իր հոգում և ունի թախիծ սրտում, այդպես էլ բանաստեղծության հեղինակն է  իրեն լքված զգում: Մարդիկ սովորաբար տխրում են իրենց մտքերի պատճառով, երբ մտածում են, որ իրենք լքված են, ոչ ոքի պետք չեն, ամեն վատ բան համեմատում են իրենց կյանքի և անձի հետ, մտածում են, որ երբեք չեն հասնի իրենց երազանքներին: Եվ հեղինակը չկարողանալով դուրս գալ իր այդ իրավիճակից,լուծումը գտնում է ինքնասպանության մեջ: Ես կարծում եմ, որ միայն թույլ կամքի տեր մարդը կարող է այդ քայլին դիմել: Իմ կարծիքով մարդը պետք է մոռանա իր կյանքի բոլոր վատ հիշողությունները, միշտ առաջ նայի, չտրտնջա ու փորձի միայն լավը տեսնել ցանկացած իրավիճակում: Եթե մարդը ապրի հուշերով և չմոռանա կյանքի տխուր պահերը, նրա կյանքը անիմաստ կլինի, տխուր ու ոչ մի բանի չձգտող:

Համո Սահյան





ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»...
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»..

Մաթեմ ( տնային աշխատանք)

1) 5(x-3)+3(2-4x)=12
5x-15+6-12x=12
-7x=21
 x=-3

2) |0,5x-7|=0,5
{0,5x-7=0,5         {0,5x=7,5   {x=15
{0,5x-7=-0,5        {0,5x=6,5   {x=13         Պատ՝. [13,15]

3) Ստորև նշվածներից ոՙ՚րն փոխադարցաբար պարզ թվերի զույգը.
1) 2*3*11 և 3*5*13            2) 2*54  և 23*73            3) 29 և 180               4) 35 և 165

4) Որդին տասնմեկ տարեկան է: Վեց տարի առաջ որդին վեց անգամ փոքր էր հորից:

  1) Քանի տարեկան է հայրը:
  11-6=5
   5*6=30
   30+6=36

   2) Երեք տարի հետո հայրը քանի տարով մեծ կլինի որդուց:
    39-14=25

5) Տրված են A(-1;3),B(3;1), O(0;0)կետերը:
Գտնել BA վեկտորի կոորդինատները:
{-4;2}

Գտնել AB հատվածի միջնակետի կոորդինատները:
A=(3-1)/2=1
B=(1+3)/2=2
(1:2)

Գտնել AB վեկտորի երկարությունը:
AB{4;-2}
√16+4=√20=2√5

Գտնել AOև OB վեկտորների կազմած անկյան աստիճանային չափը:
AO{1;-3};OB{3;1}
<=90

 

Մուրացան



       Կենսագրություն


XIX դարի վերջի հայ նշանավոր արձակագիր, հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր ներկայացուցիչ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին հայոց պատմական Շուշի քաղաքում: Նախնական կրթությունը ստանալով մասնավոր վարժարանում՝ ուսումնառությունը շարունակել է հայրենի քաղաքի թեմական դպրոցում:
Դաս ու դասագիրք սիրող աշակերտ է եղել Գրիգորը: Բնավորությամբ ինքնամփոփ պատանին օրվա մեծ մասն անցկացրել է ընթերցանությամբ: Կլանված կարդացել է հայոց գրականությունն ու պատմությունը, հատկապես՝ շատ է սիրել Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները:
 
Իր իմացությունը համակողմանի դարձնելու համար, հայ հեղինակներից բացի, կարդացել է նաև ուրիշ ժողովուրդների մեծանուն գրողների գործերը: Ստեղծագործելու բնատուր ձիրքով և աշխատասիրությամբ օժտված պատանին դեռ աշակերտական տարիներին սկսել է իր գրական փորձերը՝ գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններ տպագրելով ժամանակի պարբերական մամուլում: Սակայն, ինչպես պարզվում է հետագայում, նրա տարերքն արձակ ստեղծագործությունն էր:
 
Հեշտ ու խաղաղ չի անցել Մուրացանի կյանքը: Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ, ապա նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորել և աշխատանքի անցել Թիֆլիսի առևտրական տներից մեկում: Հաշվապահի դժվարին աշխատանքը նրան հնարավորություն չի տվել ամբողջությամբ նվիրվելու սիրած գործին՝ գրականությանը:
 
Ծանր ու հոգեմաշ աշխատանքը, իր ժամանակի ազատամիտ մամուլի անբարյացակամ վերաբերմունքը, կնոջ՝ Ոսկիի հետ կապված ընտանեկան անախորժությունները պատճառ դարձան, որ գրողը մեկուսանար իր շրջապատից, գրական միջավայրից: Այս ամենը խաթարեցին նրա առողջական վիճակը, և նա մահացավ հոգեկան խանգարումից 1908 թվականին Թիֆլիսում:

Կոմիտաս



ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ...
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

Վահան Տերյան

            
 Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
       

                               

                              


        Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...






Հովհաննես Թումանյան









Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Իմ վերլուծությունը...

 Իմ կարծիքով, բանաստեղծը այս տողերը գրելիս նկատի ուներ աշխարհում տիրող անարդարության, մարդկանց կեղծավորության և միմյանց հանդեպ սխալ վերաբերմունքը: Հաճախ լինում է, երբ մարդիկ նույնիսկ այնքան են տարված լինում իրենց հարստությամբ,որ աշխարհում բացի փողից, ուրիշ ոչինչ չեն նկատում: Նրանց համար ընկերություն, երազանք, արվեստ, այդպիսի բաներ գոյություն չունեն: Հեղինակը խոսում է մի խաղաղ անկյան մասին, որը հեռու է վատ մարդկանցից, որտեղ բոլորը մաքուր և արդար են, ինչպիսին մանկան քունը: Հաճախ մարդիկ երազում ավելի երջանիկ են լինում, քան իրական կյանքում: Նա ասում է, որ կցանկանար ունենար այդպիսի մի անկյուն և թեկուզ մեկ անգամ մտներ մանկան քուն, որտեղ կտեսներ մի հաշտ ու բարի աշխարհ:









Ասույթներ Եղիշե Չարենցի մասին



 Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
 Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
 Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:    
                                                     Պարույր Սևակ 

Նաիրին ծնեց Չարենցին...Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ,ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ,բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ...բարձրացրեց գլուխը`տեսավ շողացող արևը...Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց:                                      
                                                                             Մարտիրոս Սարյան



Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:

                                                                                   Վիլյամ Սարոյան


 Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:

                                                                                            Ակսել Բակունց

 Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր...
 Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա  ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ...

                                                                                            Ավ. Իսահակյան

Սովետական գրականության, սովետական պոեզիայի առաջին հիմնադիրների մեջ է նա՝ մեծատառով գրվող այդ բանաստեղծը»:   

                                                                                                 Նիկոլայ Տիխոնով


Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
                                                                                               Գուրգեն Մահարի













Հայոց Պատմություն

ԼՂՀ Սահմանադրությունը 

Սահմանադրության ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից է։ Այն ընդունվեց 2006թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը։ Դեռևս միջազգային ճանաչում չստացած հանրապետության հիմնական օրենքը իրավական ձևակերպում տվեց հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներին։ Սահմանեց ԼՂՀ քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու պարտականությունները։ Սահմանադրության հենց առաջին հոդվածը ազդարարում է, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է։ Այստեղ սահմանվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման սկզբունքները, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների գործունեության ոլորտները և այլն։ ԼՂՀ Սահմանադրությունը ըստ էության ամրագրեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը:

 ԼՂՀ մշակութային կյանքը 

Լեռնային Ղարաբաղում 1990-ական թվականներին հատկապես հասարակական-քաղաքական կյանքին համարժեք ստեղծվեց կրթական ու մշակութային նոր համակարգ։ ԼՂՀ կրթությունն առավել կարևորվող և առաջնային համարվող բնագավառներից է։ Վերջին տարիներին կրթությանն ուղղված պետական ծախսերն աճում են։ Եթե 2004թ. կրթության ոլորտին պետական բյուջեի հատկացրած ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 5,25%-ը, 2005-ին՝ ՀՆԱ-ի 6,4%-ը, 2006-ին՝ 7,4%-ը։ ԽՍՀՄ փլուզումից և ԼՂՀ հռչակումից հետո սկսվեց դպրոցական կրթության կատարելագործման ուղիների որոնումը։ Մշակվում են ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվում են ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր։ ԼՂՀ ԱԺ ընդունած օրենքով հայ երեխաները պիտի սովորեն հայկական դպրոցներում։ Կրճատվեց ռուսական դպրոցների թիվը։ 2005–2006թթ. ուսումնական տարում ԼՂՀ-ում գործել են 182 հանրակրթական դպրոցներ։ Հանրապետության տնտեսության ճգնաժամային իրավիճակը խոչընդոտում էր կրթական կյանքի զարգացմանը։ Սակայն աստիճանաբար հաղթահարվեցին այս ոլորտի դժվարությունները։ Հանրապետությունում մշակվում են 2006-2007 ուսումնական տարվանից 12–ամյա ուսուցման անցնելու հետ կապված հարցերը։ Համակարգի բարեփոխման ուղղությամբ 2005–2006թթ. իրականացվեցին մի շարք միջոցառումներ, որոնցից էր ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը։ 2005-ին ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 65,3 տոկոսով, իսկ 2006-ին 16,2 տոկոսով։ Որոշակի աշխատանքներ են տարվել ԼՂՀ գյուղական և վերաբնակեցվող բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու, դպրոցները տեխնիկական նորագույն միջոցներով ապահովելու ուղղությամբ։ Անկախության տարիներին ԼՂՀ-ում լուրջ ուշադրություն դարձվեց նաև նախադպրոցական կրթության զարգացմանը։ 2006թ. հանրապետությունում գործում էր ոչ պետական 21 մանկապարտեզ 1100 երեխաներով, իսկ հանրակրթական դպրոցներում գործում էին 24 նախադպրոցական խմբեր։ ԼՂՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտական կրթությանը։ 2004/2005 ուսումնական տարվանից ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է երկաստիճան համակարգով՝ բակալավրի և մագիստրոսական ծրագրերով։ Ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների մասնագետների պատրաստման գործում մեծ ներդրում ունի Արցախի պետական համալսարանը։ Այնտեղ սովորում են 4927 ուսանողներ, որոնցից 1579-ը՝ հեռակա ուսուցմամբ։ Ներկայումս Արցախում գործում են մեկ տասնյակից ավելի մասնավոր բուհեր՝ վճարովի հիմունքներով։ Արցախյան շարժման և ԼՂՀ կազմավորմանը զուգընթաց նոր թափ ստացավ հրատարակչական գործը։ «Խորհրդային Ղարաբաղ» թերթը վերանվանվեց «Արցախ», «ԼՂ հանրապետություն», այնուհետև «Ազատ Արցախ»։ Հանրապետության շրջաններում և քաղաքներում սկսեցին լույս տեսնել «Ստեփանակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ամարաս» և այլ թերթեր։ Հրատարակվում են նաև «Արցախ», «Գիտությունը և կրթությունը ԼՂՀ-ում», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսները։ ԼՂՀ-ում անկախության տարիներին լուրջ ուշադրություն դարձվեց ոչ միայն մշակութային ոլորտի մեջ ընդգրկված գրադարանային, այլև թանգարանների, արվեստի՝ թատերարվեստի, երաժշտության և պարարվեստի զարգացմանը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության գործին։ 2006թ. ԼՂՀ-ում գործում էին 8 գրադարաններ, 7 երկրագիտական թանգարաններ։ 1992թ. դեկտեմբերին կազմավորվեց «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։ Մեծ հաջողությամբ են գործում «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը՝ մանկական երգչախումբը և այլն։ Ստեփանակերտին մի առանձին վեհություն է հաղորդում հայտնի քանդակագործ Մարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը, որը դարձել է Արցախ աշխարհի խորհրդանիշը։ Միջազգային մշակութային համագործակցության կարևորագույն և անբաժանելի մասն են կազմում Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերը, որոնք իրականացվում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում։